Հայ կինեմատոգրաֆը պետք է զարգանա եվրոպական ֆինանսական մոդելով. կինոռեժիսոր

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ կինեմատոգրաֆը անհրաժեշտ է զարգացնել եվրոպական ֆինանսական մոդելով, կարծում է «Ոսկե Ծիրան» փառատոնի տնօրեն, հայտնի կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։
«Հայկական կինոն նախորդ տարիների համեմատ զարգանում է, բայց, դժբախտաբար, շարունակում է ֆինանսավորվել հին մեխանիզմով, այն դեպքում, երբ եվրոպական մոդելն ավելի արդյունավետ է»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» թղթակցի հետ զրույցում։
Ռեժիսորը հստակեցրեց, որ ներկայում Հայաստանում ֆինանսավորում ստանում են ոչ թե առանձին նախագծեր կամ մարդիկ, այլ ձեռնարկություններ և ստուդիաներ։ Այդպիսի բազմափուլ ֆինանսավորումը Խաչատրյանը աննպատակահարմար է համարում։
Լավագույն տարբերակը, նրա կարծիքով, կդառնա մի հիմնադրամի ստեղծումը, որը պետք է հատկացումներ ստանա այն կառույցներից, որոնք ինչ-որ ձևով կապված են կինոարտադրանքի տարածման հետ։
«Անհրաժեշտ է ֆինանսավորման ճիշտ մեխանիզմ մշակել՝ սկսած նախագծի գաղափարից և դրա իրագործումից և վերջացրած աշխարհի շուկաներ ֆիլմն արտահանելով և մեր կինոն քարոզելով»,- ավելացրեց ռեժիսորը։
Ռեժիսորի կարծիքով, այսօր Հայաստանում կինոյի զարգացմանը չեն հատկացնում պատշաճ ուշադրություն, թեև կինոն «փոքր ազգերի շատ կարևոր գործիք է, որի օգնությամբ նրանք կարող են աշխարհին ցույց տալ իրենց մշակույթը, արվեստը, իրենց մտքերն ու խնդիրները»։
Խաչատրյանը նշեց, որ ֆիլմն ավելի մեծ ազդեցություն կարող է ունենալ աշխարհի վրա, քան հազարավոր քաղաքական գործիչների խոսքերը։
«Բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Կորեան, Չինաստանը, լուրջ ուշադրություն են դարձնում կինոյին՝ հնարավորինս նպաստելով դրա զարգացմանը, հասկանալով, որ հենց կինոարվեստն է աշխարհի հետ խոսելու ամենապարզ և գեղեցիկ ձևը»,- ասաց նա։ -0-