ՀՀ օմբուդսմենը կոչ է անում դատարաններին և քննչական մարմիններին` զերծ մնալ անհեթեթ ձևակերպումներից

13.11.2008, 15:05
ՀՀ օմբուդսմենը կոչ է անում դատարաններին և քննչական մարմիններին` զերծ մնալ անհեթեթ ձևակերպումներից

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը կոչ է անում դատարաններին և քննչական մարմիններին` զերծ մնալ անհեթեթ ձևակերպումներից։

Ինչպես հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հարությունյանը, մի քանի օր առաջ ինքը հանդիպումներ է ունեցել մարտյան դեպքերի քննության շրջանակներում քրեկան յոթ գործերով անցնող անձանց փաստաբանների հետ, և նրանք որոշ հատվածներ են ներկայացրել նախաքննության նյութերից։

«Քննության գաղտնիությունը չխախտելու համար ես չեմ ներկայացնի մանրամասները, սակայն նշեմ, որ քննչական մարմինների և դատարանների նյութերում նոր իրավական կատեգորիաներ են հայտնվում, մասնավորապես, «փաստացի սեփականատեր», որոնք գոյություն չունեն իրավակիրառական  պրակտիկայում»,- ասաց Հարությունյանը։

Ինչպես գտնում է օմբուդսմնեը, նման ձևակերպումներն ազդում են երկրի հեղինակության վրա, հատկապես, եթե հետագայում այդ գործերը ներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Նա նշեց նաև, որ փաստաբանների կողմից բողոքներ են ստացվում, որ քննչական և դատական մարմինները բավականաչափ լիարժեք չեն արձագանքում իրենց միջնորդությանը։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել են անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։ Այս ամենի հետևանքով զոհվել է տասը քաղաքացի, շուրջ 265 մարդ ստացել են վնասվածքներ։ --0—