Հայաստանի կանանց մոտ 25 տոկոսը գոնե մեկ անգամ ընտանիքում բռնության է ենթարկվել. Amnesty International

13.11.2008, 14:24
Հայաստանի կանանց մոտ 25 տոկոսը գոնե մեկ անգամ ընտանիքում բռնության է ենթարկվել. Amnesty International
Հայաստանի կանանց մոտ 25 տոկոսը գոնե մեկ անգամ ընտանիքում բռնության է ենթարկվել. Amnesty International

2007-2008թթ. Amnesty International կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայ կանանց մոտ մեկ քառորդը գոնե մեկ անգամ ենթարկվել է ֆիզիկական բռնության ընտանիքում ամուսնու կամ մյուս հարազատների կողմից, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի գործերով AI փորձագետ Լորենս Բրոերսը՝ ներկայացնելով «Լռությունը պատվաբեր չէ. Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմայով զեկույցը։

«Հայաստանի կանայք խտրականության զոհեր են՝ հաճախ տառապելով ֆիզիկական և հոգեբանական բռնությունից ընտանիքում: Սակայն առավել հաճախ այդ փաստը թաքցվում է հենց զոհերի կողմից՝ ընտանիքը պահպանելու նպատակով»,- ասաց Բրոերսը։

Փորձագետի խոսքերով, հայկական իշխանութոյւնները պայմաններ չեն ստեղծում կանանց համար՝ վերջ դնելու նրանց նկատմամբ բռնությամբ ուղեկցվող հարաբերություններին, քանի որ երկրում չկա կանանց պաշտպանության կամ երկարաժամկետ աջակցության հարցում աշխատանքի կամ բնակավայրով ապահովման գործող համակարգ:
 
«Անհրաժեշտ է արմատականորեն փոխել վերաբերմունքը խնդրի նկատմամբ արդարադատության համակարգում և բնակչության բոլոր խավերում՝ բռնության զոհերի նկատմամբ կիրառված ճնշումն արմատախիլ անելու համար, որը նրանց ետ է պահում արդարություն որոնելուց»,- հայտարարեց փորձագետը։

Ըստ նրա, Հայաստանում մինչ այժմ չի ընդունվել բռնության դեմ պայքարի մասին օրենք, թեև ներկայումս կառավարությունն արդեն ուսումնասիրում է օրինագծերը, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության և մարդավաճառության խնդիրներին։

«Տվյալ պահին ընտանեկան բռնության հետ կապված հանցագործությունները պատժվում են Քրեական օրենսգրքի ընդհանուր դրույթների շրջանակներում, որտեղ չի դրվում տարբերություն՝ բռնություն է գործել անծանոթ մարդը, թե զոհի ազգականը»,- նշեց Բրոերսը։

Այս առումով փորձագետը հատուկ նշեց, որ հայ իրականաության մեջ համարվում է, որ տղամարդն իրավունք ունի բռնություն կիրառել իր կնոջ նկատմամբ կամ ընտանիքի այլ կանանց նկատմամբ, այդ պատճառով դա փաստորեն հանցագործություն չի համարվում։ Զեկույցը պարունակում է նաև հանձնարարականներ Հայաստանի իշխանություններին՝ ընտանիքում կանանց բռնությունից պաշտապելու վերաբերյալ։

Դրանց թվում են. հատուկ օրենք ընդունել, որն ընտանեկան բռնությունը քրեորեն հետապնդելի կդարձնի, միջգերատեսչական մոտեցում ցուցաբերել՝ համախմբելով ոստիկանությւան, առողջապահության աշխատակիցների, դատական համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ջանքերը, հասարակության իրազեկությունը բարձրացնել կանանց դեմ բռնության մասին՝ ներկայացնելով այն որպես տարածված քրեական հանցանք և մարդու իրավունքների ոտնահարում։

Amnesty International-ը համաշխարհային իրավապաշտպան շարժում է, որը միավորում է ավելի քան 2,2 մլն ակտիվիստների և կողմնակիցների աշխարհի ավելի քան 150 երկրներում։ -0-