Ղարաբաղի հարցով համաձայնագիրը չի կարող ստորագրվել առանց հայ ժողովրդի ըմբռնման. ՀՀ ԱԳՆ ղեկավար

12.11.2008, 20:03
Ղարաբաղի հարցով համաձայնագիրը չի կարող ստորագրվել առանց հայ ժողովրդի ըմբռնման. ՀՀ ԱԳՆ ղեկավար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագիրը չի կարող ստորագրվել առանց Հայաստանի և ԼՂՀ  ժողովրդի ըմբռնման ու աջակցության, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Երբ մենք հասնենք այն փուլին, երբ որևէ բան պետք է համաձայնեցվի, ապա, միանշանակ, դա հանրային քննարկման առարկա կդառնա։ Առանց Հայաստանի և ԼՂՀ ժողովրդի համապատասխան ըմբռնման ու աջակցության հազիվ թե հայկական որևէ իշխանություն նման պայմանավորվածությունների ստորագրման կգնա»,- ասաց Նալբանյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում։  

ԱԳՆ ղեկավարի խոսքերով, այժմ չկա մի փաստաթուղթ, որը հնարավոր լիներ հրապարակել։

«Տարիների ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են արվել, և եթե առաջարկությունների ցանկացած փաթեթ կամ առաջարկած գաղափար  հրապարակենք ու քննարկման դնենք, ապա մենք երբեք ոչնչի չենք հասնի»,- նշեց Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-