ՀՀ ՔՊԻՎ նախկին ղեկավարը բողոքարկել է մարտյան անկարգությունների գործով ընդունված դատավճիռը
ՀՀ Քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, որը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել Երևանի մարտյան դեպքերին մասնակցելու համար, բողոք է ներկայացրել հանրապետության Վերաքննիչ քրեական դատարան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։
2008 թվականի հոկտեմբերի 23-ին Երևանի Քրեական դատարանը Սաղաթելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով և տուգանքի՝ 900.000 ՀՀ դրամի չափով (շուրջ 3 հազար ԱՄն դոլար): --0--