Մոսկովյան հռչակագիրը չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խորացումը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան հռչակագրում չկան հստակ երաշխիքներ, որ պատերազմի վերսկսումը բացառվում է, ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Մոսկովյան հռչակագրում կա մի կետ այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի միայն քաղաքական միջոցներով, իսկ պատերազմը ևս քաղաքական միջոցներից մեկն է», - չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Թևանյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 2-ին ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:
Նրա խոսքերով, հռչակագրում շատ են անորոշ ձևակերպումները, որոնք հետագայում կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։
«Հռչակագրում խոսվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր սահմանի առկայության մասին, սակայն այս դրույթները կարող են բավական լայն մեկնաբանություններ ունենալ», - նշեց քաղաքագետը։
Այս առնչությամբ Թևանյանն ավելացրեց, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարող է իրագործվել Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակի տրամադրման միջոցով, իսկ ընդհանուր սահման կարող է ծառայել «Լաչինի միջանցքի նեղ հատվածը»։
«Մոսկովյան հռչակագրում պետք է հստակ ձևակերպվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին հարցը», - ավելացրեց փորձագետը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-