ՀՀ անչափահաս քաղաքացիները կարող են անձնագիր ստանալ երեք տարի ժամկետով. Ոստիկանություն

11.11.2008, 18:38
ՀՀ անչափահաս քաղաքացիները կարող են անձնագիր ստանալ երեք տարի ժամկետով. Ոստիկանություն

ՀՀ անչափահաս քաղաքացիները կարող են անձնագիր ստանալ երեք տարի ժամկետով, ասաց ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գևորգ Մհերյանը։

«Նախկին կարգը լուրջ անհարմարություններ էր պատճառում քաղաքացիներին, և մենք վերանայեցինք այդ գործընթացն, ու այժմ անչափահաս քաղաքացիները կարող են անձնագիր ստանալ ցանկացած տարիքում` երեք տարի ժամկետով»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, անչափահաս քաղաքացիները կարող են նաև ցանկացած ժամանակ  անձնագիրը նորով փոխարինել։   

«Նախկինում նրանք կարող էին անձնագիր ստանալ մեկ, երեք, յոթ, տասներկու և տասնվեց տարեկան հասակում, ինչն անտրամաբանական էր»,- նշեց Մհերյանը։

Ոստիկանության պետի տեղեկալը նշեց, որ եթե նախկինում անչափահասներին անձնագիր տալու համար պահանջվում էր երկու ծնողների համաձայնությունը՝ նոտարի հաստատմամբ, ապա այժմ անհրաժեշտ է միայն ծնողներից մեկի դիմումը։
 
«Այդ փաստաթղթի հիման վրա անչափահասին կարող է անձնագիր տրամադրվել, բացառությամբ վիճահարույց դեպքերի»,- տեղեկացրեց նա     ՝ ավելացնելով, որ նման դեպքերում անձնագրի տրամադրումը դադարեցվում է և դատական վարույթ է հարուցվում, որն էլ կոչված է լուծել վեճը։ --0--