«Կամուրջ 2009» վեցերորդ միջազգային տնտեսական ֆորումը փետրվարի 20-23-ը կանցկացվի Ծաղկաձորում

«Կամուրջ» վեցերորդ միջազգային տնտեսական ֆորումը (International Economic Forum «Bridge») կանցկացվի Ծաղկաձորում 2009 թ.-ի փետրվարի 20-23-ին:
«2009 թ.-ին ֆորումի գլխավոր թեման կլինի «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները՝ խնդիրները և լուծումները»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Նա նշեց, որ միությունը կարևորում է տարածաշրջանում Հայաստանի տնտեսական ու կազմակերպչական դերի բարձրացումը, արտահանման գործառույթի խթանումը, որտեղ հատկապես մեծ կարևորություն է ստանում տարածաշրջանային հիմնական տնտեսական գործընկերների հետ հին կապերի ամրապնդումն ու նոր կապերի որոնումը։
Նրա խոսքերով, ֆորումի մասնակիցների աճ է սպասվում, քանի որ արդեն այսօր ֆորումին մասնակցելու համար գրանցվել են Ռուսաստանի, Ուկրաինայի և Իրանի պատվիրակությունները։
ՀԳՀՄ ղեկավարը նաև նշեց, որ բանակցություններ են ընթանում Վրաստանի գործարարների միության հետ, քանի որ համագործակցության և փորձի փոխանակման համար թեմաներ կան, մասնավորապես, շինարարության և անշարժ գույքի ոլորտում, ակնկալվում է նաև Թուրքիայի Արդյունաբերողների միության ներկայացուցիչների մասնակցությունը։
«Հաշվի առնելով ֆորումի գործնական արդյունքները՝ կարելի է ասել, որ այն կայացել է որպես բիզնես հարաբերությունների ձևավորման հարթակ, և «Հայկական Դավոսը» սկսել է իր ակտիվ գործունեությունը»,- ասաց Ղազարյանը։
Իր հերթին «ՄԱՍՏԵՐ» Միջազգային ինտեգրացիայի աջակցության կենտրոնի տնօրեն նորայր Նազինյանը նշեց, որ ֆորումի հիմնական նպատակը Արևմուտքի և Մերձավոր Արևելքի գործարար և քաղաքական շրջանակներին Հայաստանի տնտեսական ներուժի հետ ծանոթացնելն է։
Նրա խոսքերով ֆորումի շրջանակներում անցկացվելու են 6 կլոր սեղաններ, որոնց ժամանակ անդրադարձ կլինի երկրի տնտեսության խնդիրներին միջազգային ֆինանսական ճգնաժամի համատեքստում, ինչպես նաև զարգացաման հեռանկարային ուղղություններին ու ներդրումներ գրավելուն։
«Արդարացնելով «Հայկական Դավոս» կոչումը՝ «Կամուրջ» տնտեսական ֆորումը ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքագետների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, արդյունաբերողների և գործարարների, գիտնականների և հասարակական գործիչների համար հանդիպման վայր և բաց քննարկումների դաշտ է դարձել»,- ասաց Նազինյանը։
Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի Գործատուների (արդյունաբերողների և գործարարների) հանրապետական միությունը և «ՄԱՍՏԵՐ» միջազգային ինտեգրացիայի աջակցության կենտրոնը։
Տնտեսական ֆորումն անցկացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արտգործնախարարության և Կենտրոնական բանկի պաշտոնական աջակցությամբ։
Առաջին «Կամուրջ» միջազգային տնտեսական ֆորումը Հայաստանում անցկացվել է 2004 թ.-ի հուլիսի 23-26-ը Ծաղկաձորում։ Դրան մասնակցել են ավելի քան 70 գործարարներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից։ --0--