Հայաստանի քաղաքացիները կկարողանան անձնագիր ստանալ հնգօրյա ժամկետում. Ոստիկանություն

Հայաստանի քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու համար, համաձայն համապատասխան նորմատիվ ակտերի, սահմանված է հնգօրյա ժամկետ, հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանը։
«Հստակ ժամկետների սահմանումը շատ կարևոր է, քանի որ առայսօր անձնագրերի տրամադրման ժամկետների առումով անորոշություններ կային»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում։
Մհերյանի խոսքերով, առաջին հերթին այդ նպատակով իրավական ակտերից հանվել են անորոշ ձևակերպումները։
Նա հայտնեց, որ անձնագիր ստանալու համար սահմանված է պետական տուրք՝ 1000 դրամի (ավելի քան 3 ԱՄՆ դոլար) չափով։ Միաժամանակ նա նշեց, որ անձնագրեր կարող են տրամադրվել ավելի կարճ ժամկետներում՝ լրացուցիչ վճարի դեպքում. մեկ օրվա ընթացքում՝ 20 հազար դրամի դիմաց (ավելի քան 66 ԱՄՆ դոլար), մինչև 4 օրվա ընթացքում՝ 10 հազար դրամի դիմաց (ավելի քան 33 ԱՄՆ դոլար)։
«Փաստաթուղթն առայժմ նախագծի կարգավիճակում է և ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը»,- նկատեց Մհերյանը։
Նրա խոսքերով, Երևանում Ոստիկանության բոլոր անձնագրային բաժիններում արագ փաստաթղթաշրջանառության նպատակով տեղադրված են սքաներներ, որոնցով աշխատակիցները կարող են լուսատպել փաստաթղթերը և ուղարկել դրանք կենտրոնական բաժանմունք, որտեղ և կպատրաստվեն անձնագրերը։
Ոստիկանության պետի տեղակալը տեղեկացրեց, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում սքաներներ կտեղադրվեն նաև ոստիկանական մարզային բաժանմունքներում, ինչը հնարավորություն կտա մարզերից օպերատիվ կերպով տվյալներ փոխանցել։ -0-