Հայաստանի պաշտոնատար անձինք հանդես չեն եկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցման օգտին. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտոնատար անձինք հանդես չեն եկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցման օգտին, նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով թուրքական մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այս հարցի առնչությամբ։
«Վերջին ժամանակներս թուրքական մամուլում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին Հայաստանի պաշտոնատար անձանց վերագրվող տեղեկատվությունը աղավաղված է և գլխիվայր շրջված»,- ասաց Նալբանդյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
«Ես բազմիցս ասել եմ և այժմ ցանկանում եմ կրկնել. Հայաստանի պաշտոնատար անձինք չեն արտահայտվել և երբեք չեն արտահայտվի Ցեղասպանության միջազգային ճամաչման դադարեցման օգտին։ Ավելին, Հայաստանը չի կարող հանդուրժել Ցեղասպանության մերժման որևէ դրսևորում»,- նշեց ԱԳՆ ղեկավարը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—