Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հռչակագիր ստորագրելու մեջ որևէ վատ բան չկա. կուսակցության ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից հռչակագիր ստորագրելու մեջ որևէ վատ բան չկա, կարծում է «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
«Որևէ վատ բան չի կարող լինել երկու հակամարտող կողմերին հաշտեցնելու ձգտման մեջ և հասկացնելու, որ ուժ գործադրելու անհրաժեշտություն չկա և որ այս իրավիճակում երկու երկրները կարող են համագործակցել»,- ասաց Հայրիկյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա կարծիքով, Ռուսաստանը, նախաձեռնությամբ հանդես գալով, ոչ միայն ուզում էր ամբողջ աշխարհին ցույց տալ իր նշանակությունը, այլև «բարոյահոգեբանական ու բարոյաքաղաքական նպատակներ» էր հետապնդում։
«Իր այդ նպատակներին Ռուսաստանը հասավ, բայց դա էական դեր չխաղաց տարածաշրջանում լարումը թուլացնելու գործում»,- նշեց Հայրիկյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը նոյեմբերի 2-ին ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով: --0--