Եռակողմ հռչակագիրն ազդարարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր փուլի սկիզբը. Սարգսյան

06.11.2008, 19:02
Եռակողմ հռչակագիրն ազդարարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր փուլի սկիզբը. Սարգսյան
Եռակողմ հռչակագիրն ազդարարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նոր փուլի սկիզբը. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ իր և Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև եռակողմ հռչակագրի ստորագրումն ազդարարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նոր առավել ակտիվ փուլի սկիզբը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

«Մեր մյուս հարևանի` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ, փոխզիջումային լուծումը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասել է երկրի ղեկավարը՝ ելույթ ունենալով Բելգիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների առջև։

Նախագահի խոսքերով, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը` որպես հիմք ընդունելով անցյալ տարի շրջանառության մեջ դրված մադրիդյան հայտնի սկզբունքները:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-