Հայաստանն իր ազգային նպատակների իրականացման նոր փուլ է մտնում. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն իր ազգային նպատակների իրականացման նոր փուլ է մտնում, չորեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Այսպիսի հանդիպումները լավ առիթ են, որպեսզի կարողանամ ամենուր սփռված մեր ժողովրդին անձամբ հասցնել կոչն այն մասին, որ անկախ պետականության վերականգնումով և բազում փորձությունների միջով անցած ու իր մեջքն ուղղող Հայաստանի գոյությամբ մեր պայքարն ամենևին էլ չի ավարտվել: Ճիշտ հակառակը. մենք ազգային նպատակների իրագործման նոր փուլ ենք մտնում, երբ մեր առջև արդեն զարգացման խնդիրներ ու վերելքի նպատակներ են դրված»,- նշել է երկրի ղեկավարը։
Սարգսյանի խոսքերով, աշխարհի ցանկացած անկյունն էլ այցելով, փորձում է անպայման հայ համայնքի հետ հանդիպելու հնարավորություն գտնել:
«Սա առաջին հերթին հայ մարդու սրտի կանչն է, որ ուր էլ լինի, ինչ նպատակներ, պարտականությունների ինչ շրջանակ էլ ունենա` հայացքով միշտ և անընդհատ հայ է փնտրում»,- նշել է նախագահը։
Նրա խոսքերով, նման հանդիպումների երկրորդ նպատակը «աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին Հայաստանի ու մեր ծրագրերի մասին պատմելն է, մեր ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելը, որովհետև հայրենիքի և հաջողությունները, և բացթողումները բոլորինս են»:
«Ինձ համար իսկապես հաճելի է հանդիպել Բելգիայի համայնքի ներկայացուցիչների հետ և շփվել հայրենիքի շարունակական հզորացման համար իրական նվիրում հանդես բերող մեր հայրենակիցների հետ: Ձեր բոլորի շնորհիվ հայությունը Միացյալ Եվրոպայի մայրաքաղաքում ունի ոչ միայն Հայաստանի ներկայացուցչություն, այլև դինամիկ զարգացող և հայապահպանության լավագույն ավանդույթները մարմնավորող համայնք»,- ասել է նախագահը:
Նրա խոսքերով, համայնքային կառուցների ակտիվության, հայկական ավանդական եկեղեցիների հոգևոր առաջնորդության շնորհիվ այսօր Եվրոպայի սրտում հայության քաղաքական օրակարգի իրականացմանը լծված նվիրյալների բանակ կա, որը պետք է դառնա եվրոպահայերի ձևավորվող քաղաքական շահերի լավագույն արտահայտիչներից մեկը:
«Անցած տարիների ընթացքում Բրյուսելում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը` մասնավորապես, և մեր ողջ պետությունը ընդհանրապես զգացել են Ձեր համակողմանի աջակցությունը։ Այս առթիվ հայտնում եմ իմ երախտագիտությունը և փոխադարձ զորակցությամբ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ակնկալիքները»,- ասել է նախագահը։ --0--