ՀՀ և Իրանի ԱԳՆ հյուպատոսական վարչությունների միջև փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական վարչությունների միջև փոխըմբռնման մասին հուշագիր է ստորագրվել, չորեքշաբթի հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Երևանում նոյեմբերի 4-5-ը Հայաստանի հանրապետության արտգործնախարարության և Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարարության միջև կայացած հյուպատոսական հինգերորդ համատեղ նիստի արդյունքում ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետը և ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Նիստի ընթացքում քննարկվեցին անձնագրային և մուտքի արտոնագրերի, իրավական, հասարակական և արարողակարգային հարցեր, ինչպես նաև Հայաստանում սովորող իրանցի ուսանողների խնդիրները:
Նիստին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության աշխատակիցների հետ միասին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը:
Նիստի շրջանակներում հանդիպումներ կազմակերպվեցին իրանական պատվիրակության և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ու ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի միջև:--0--