Ղարաբաղի հարցով եռակողմ հռչակագիրը պետք է ՌԴ-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները սրբագրելու և Արևմուտքում իր հեղինակությունը բարձրացնելու համար. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հարցով հռչակագրի դրդապատճառը Ռուսաստանի համար պայմանավորված է Հայասատնի և Ադրբեջանի հետ հարաբերությունները սրբագրելու և Արևմուտքում իր հեղինակությունը բարձարցնելու անհրաժեշտությամբ։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:
«Քանի որ օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս մնաց Ռուսաստանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների ձևաչափից և Վրաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հարաբերությունների շարունակությունը անհնար դարձավ, Ռուսաստանը պետք է այդ նոր իրավիճակում հարաբերություններ կառուցի Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- չորեքշաբթի «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում հայտարարեց Իսկանդարյանը։
Այդ առումով քաղաքագետը նշեց, որ նախագահ Մեդվեդևի այցը Բաքու միանգամայն տրամաբանական էր, և հասկանալի է, որ դրան պետք է հետևեր այցը Երևան, ընդ որում, գրեթե նույն ձևափաչով։
«Իսկ երբ գործ ունես Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ղարաբաղի մասին չխոսել հնարավոր չէ, քանի որ այն լուրջ գործոն է այդ երկու երկրների արտաքին քաղաքականության համար»,- ընդգծեց նա։
Քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանի տեսակետից շատ ճիշտ կլիներ ցույց տալ, որ Վրաստանում տեղի ունեցածը բացառություն էր, առանձին դեպք, որը նման չէր մյուսներին։
«Ռուսաստանը ստիպված էր անել այն, ինչ արեց Հարավային Օսեթիայում, սակայն դա չի նշանակում, որ նա ամեն տեղ իրեն նման կերպ է դրսևորում, և այլ հակամարտությունների դեպքում Ռուսաստանն իրեն կարող է կառուցողական դրսևորել»,-ասաց նա:
Իսկանդարյանի կարծիքով, այլ հակամարտութոյւններում՝ ղարաբաղյան և մերձդնեստրյան, Ռուսաստանը փորձում է հնարավորինս կառուցողական լինել։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-