Երևանում անցկացվում է «Մերձավոր Արևելք և Կովկաս. պատմություն, իրականություն, հեռանկարներ» միջազգային գիտաժողովը

05.11.2008, 14:26
Երևանում անցկացվում է «Մերձավոր Արևելք և Կովկաս. պատմություն, իրականություն, հեռանկարներ» միջազգային գիտաժողովը
Երևանում անցկացվում է «Մերձավոր Արևելք և Կովկաս. պատմություն, իրականություն, հեռանկարներ» միջազգային գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի 50-ամյակին նվիրված «Մերձավոր Արևելք և Կովկաս. պատմություն, իրականություն, հեռանկարներ» միջազգային գիտաժողովի բացումը տեղի է ունեցել չորեքշաբթի Երևանում։

Երկօրյա գիտաժողովը կանցկացվի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի, Հունգարիայի, Իրանի, Կիպրոսի և Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ողջ աշխարհում հայտնի է իր գիտական ձեռքբերումներով, և պատահական չէ, որ Ինստիտուտի 50-ամյակին նվիրված գիտաժողովը մեծ արձագանք ստացավ այս ոլորտում համաշխարհային մասնագետների շրջանում», - գիտաժողովի բացման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ նախագահի, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը բարձր գնահատեց Արևելագիտության ինստիտուտի յուրաքանչյուր աշխատակցի առանձին ներդրումը կոլեկտիվ ձեռքբերումների մեջ և ընդգծեց, որ նրանցից յուրաքանչյուրը կարժանանա պարգևների ինչպես Գիտությունների ակադեմիայի, այնպես էլ Հայաստանի կառավարության կողմից։

ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանն իր հերթին շնորհավորելով Գիտությունների ակադեմիայի աշխատակիցներին հոբելյանի կապակցությամբ՝ նշեց, որ իր գոյության տասնամյակների ընթացքում Արևելագիտության ինստիտուտը դարձել է Հայաստանի առավել վառ գիտական օջախներից մեկը։

«Արևելագիտության ինստիտուտն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում և անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում», - ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքերով, դիվանագետի պատվավոր կոչումը կրող ՀՀ շատ գործիչներ հաջողությամբ համագործակցում են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ իրենց գիտական պրակտիկայում։

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է 1958 թ.-ին որպես արևելագիտական հատված։ Անցած տարիների ընթացքում Ինստիտուտը դարձել է ոչ միայն կարևոր գիտահետազոտական կենտրոններից մեկը, այլև մեծ ճանաչում է ստացել աշխարհում։

Գիտական հաստատությունը լայնորեն համագործակցում է Ռուսաստանի, Վրաստանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի արևելագետների հետ։

Ինստիտուտում գործում են Հին Արևելքի, Քրիստոնեական Արևելքի, Արաբական երկրների, Թուրքիայի, Իրանի, քրդագիտության, Հեռավոր Արևելքի բաժիններ։ Այս ուղղություններով Արևելագիտության ինստիտուտում աշխատում են ավելի քան 50 բարձրակարգ գիտնականներ։ Ինստիտուտի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային կոնֆերանսների, կոնգրեսների ու սեմինարների։

Յուրաքանչյուր տարի Արևելագիտության ինստիտուտի շրջանակներում անցկացվում է երիտասարդ արևելագետների գիտաժողով։-0-