2009թ. գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը Հայաստանում կկազմի 8,3 մլրդ դրամ

04.11.2008, 18:15
2009թ. գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը Հայաստանում կկազմի 8,3 մլրդ դրամ
2009թ. գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը Հայաստանում կկազմի 8,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  2009թ. գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը Հայաստանում կկազմի 8,3 մլրդ դրամ (27,5 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը 21 տոկոսով ավելի է 2008թ. ցուցանիշից, հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը՝ ներկայացնելով «2009թ. պետբյուջեի մասին» օրինագիծը Երևանի Խ.Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին։

Ըստ նրա, գիտության ոլորտի ֆինանսավորման հավասարաչափությունը ամենաքննարկելի հարցերից է։ «Այս տարի աշխատավարձերի հարաբերակցությունը տեխնիկական ծախսերի համեմատ եղել է 87% և 13%, իսկ 2009թ. հարաբերակցությունը կլինի 75% և 25%, ինչը հնարավորություն կտա ավելի շատ միջոցներ ուղղել լուրջ գիտական գործունեությանը»,- ասաց նախարարը։

«Պետությունը տարեցտարի փորձում է նվազեցնել աշխատավարձերի ծախսերի տոկոսը և ավելացնել որոշակի գիտական ծրագրերի իրականացմանը, սարքավորումներ գնելուն և այլ հարցերին ուղղված ծախսերը»,- ասաց Սեյրանյանը՝ հավելելով, որ ծախսերի հարաբերակցության փոփոխությունը չի լինելու աշխատավարձերի կրճատման հաշվին։

Նախարարի խոսքերով, գիտության ոլորտի ֆինանսավորումը բաժանվում է երկու մասի՝ բազային և ծրագրային։ 2009թ. բազային ֆինանսավորմանը կհատկացվի 5 միլիարդ 130 միլիոն դրամ (շուրջ 17 միլիոն ԱՄՆ դոլար), մինչդեռ նախորդ տարի այդ նպատակների համար տրամադրվել է 3,8 միլիարդ դրամ (12,5 մլն ԱՄՆ դոլար)։

«Պետությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտական կենտրոններին և դրանց համապատասխան ֆինանսավորում է հատկացնում»,- ասաց Սեյրանյանը։

Նրա խոսքերով, 10 մլն դրամ (33 հազար ԱՄՆ դոլար) որպես ֆինանսական աջակցություն ուղղվելու է գիտական հրատարակչություններին, 30 միլիոն (99 հազար ԱՄՆ դոլար)՝ գիտաժողովների և սեմինարների կազմակերպմանը։

Պետբյուջեից միջոցներ կհատկացվեն նաև Մատենադարանի հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային կից  Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

Ինչպես նշեց Սեյրանյանը, 323 միլիոն դրամ (ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացվելու է եվրոպական գիտական տարածքում համագործակցությանը և ինտեգրմանը։

«Մեր գիտությունը պետք է քայլի միջազգային գիտությանը համընթաց։ Պետք է փոխառել միջազգային փորձը, պետք է հասանելի դառնան վերջին գիտական հրատարակությունները։ Մենք չենք կարող զարգանալ այլ երկրներից առանձին»,- ասաց Սեյրանյանը։ -0-