Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս սահմանամերձ շրջանների զարգացմանը. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացմանը, կարծում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։
«Հայաստանի համար հատկապես կարևոր է սահմանամերձ շրջանների և դրանց զարգացման խնդիրը։ Սահմանամերձ տարածքների զարգացման համալիր ծրագրի ստեղծման գաղափարը ծագել է 1999 թ.-ին, երբ համայնքի խնդիրների դիտարկում է անցկացվել»,- ասաց նա երեքշաբթի «Հայաստանի սահմանամերձ տարածքների զարգացման համալիր ծրագրի կատարում» խորհրդարանական լսումների ժամանակ։
Տերտերյանը նշեց, որ այն ժամանակ մարզերի խնդիրների մեխանիկական գույքագրում էր անցկացվել, որում ընդգրկված էին համայնքների ղեկավարների մատնանշած դժվարությունները։ Փոխնախարարի խոսքերով, սահմանամերձ տարածքների զարգացման համալիր ծրագրի համաձայն, որի իրականացումը սկսվել է 2002 թ.-ին, ՀՀ խորհրդարանին ամեն տարի հաշվետվություններ են տրամադրվել կատարված աշխատանքի վերաբերյալ։
Տարածքային կառավարման նախարարության ղեկավարի տեղակալը նշեց, որ տվյալ ծրագրի համաձայն նախագծեր են իրականացվել ջրամատակարարման և ոռոգման, դպրոցաշինության, ճանապարհային տնտեսության, գազի և էներգամատակարարման, տրանսպորտի և կապի, առողջապահության, մշակույթի և կրթության ոլորտներում։
Տերտերյանը նշեց, որ 2002-2008 թթ.-ին իրականացվել է սահմանամերձ շրջանները խմելու ջրով ապահովելու 100 ծրագիր և ոռոգման ջրով ապահովելու 104 ծրագիր։
Փոխնախարարի բերած տվյալներով, կրթության ոլորտում 51 ծրագրի համաձայն 100 ուսուցիչներ մեկնել են աշխատելու սահմանամերձ շրջաններ։ Ինչպես հայտնեց Տերտերյանը, ուսուցիչներին սահմանամերձ շրջաններում աշխատանքի ներգրավելու համար խրախուսումների համակարգ է ներդրվել։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ սահմանամերձ շրջաններում նաև շուրջ 30 ծրագիր է իրականացվել ճանապարհաշինության և 13 ծրագիր կապի ոլորտներում։ --0--