Ռուսաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում. հայ քաղաքագետ

Եռակողմ հռչակագրի ստորագրման միջոցով Ռուսաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, կարծում է հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:
«Եվ եթե Ռուսաստանի վերադարձը շարունակվի այս ձևաչափով, այսինքն, տարածաշրջանում խաղաղության հաստատման միջոցով, ապա դա կարելի է միայն ողջունել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Մելիք-Շահնազարյանը։
Միաժամանակ, քաղաքագետը հիմնավորված չի համարում այն անհանգստությունը, թե Ռուսաստանը ցանկանում է մտցնել իր զորքերը խաղաղապահ ուժերի փոխարեն։
«Ռուսաստանի համար այդքան էլ շահավետ չէ Հարավային Կովկասի վրա ռազմական արշավը շարունակելը, համենայն դեպս, այս ժամանակահատվածում»,- ընդգծեց նա։
Մելիք-Շահնազարյանի խոսքերով, մասնակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ Ռուսաստանը փորձում է պաշտպանել իր շահերը տարածաշրջանում, քանի որ, «եթե որևէ երկիր չունի քաղաքական շահեր, այն չի խառնվում այլ ազգերի ու ժողովուրդների խնդիրներին»։
Նա կարծում է, որ ռուս-վրացական դիմակայությունից հետո Հայաստանի և, որոշ առումով, Ադրբեջանի աշխարհաքաղաքական դերը տարածաշրջանում էապես բարձրացել է։
«Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ եթե նա չմնա տարածաշրջանում որպես գերտերություն, ապա նրա հարավային սահմանը կսկսվի Ռոստովից, իսկ եթե մնա, ապա մենք դառնում ենք առաջին խոչընդոտը ՆԱՏՕ-ի կամ ցանկացած այլ ուժերի տարածաշրջան գալու համար»,- պարզաբանեց քաղաքագետը։ -0-