Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան

04.11.2008, 15:03
Ամենայն Հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը երեքշաբթի հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Այցի ընթացքում Նորին Սրբությունը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա ուղղափառ քույր եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմից», -  նշվում է տեղեկատվության մեջ։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս.Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ կվերաօծվի նաև Մադրասի Ս.Աստվածածին հայկական եկեղեցին։

Վեհափառ Հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Տինգրայի Ս.Երրորդություն, Չինսուրահի Ս.Հովհաննես, Սեյդաբադի Ս.Աստվածածին հայկական եկեղեցիները:

Կալկաթայում Հայոց Հայրապետը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարան:

Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Երևանի Ս.Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հովնան աբեղա Հակոբյանը` իբրև գավազանակիր, Մայր Աթոռի օտարալեզու մամուլի պատասխանատու Կտրիճ քահանա Դևեջյանը, «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը և Մայր Աթոռի համացանցային բաժնի տնօրեն Փոլա Դևեջյանը:-0-