Գյումրիի միջազգային բիենալեի հաղթողների աշխատանքները կցուցադրվեն Վանաձորում
Գյումրիի վեցերորդ միջազգային բիենալեի հաղթողների աշխատանքները նոյեմբերի 7-ին կներկայացվեն «Սպիացած վերքեր» խորագրով ցուցահանդեսում` Վանաձորի կերպարվեստի թանգարանում, հայտնեց բիենալեի կազմակերպիչ, Գյումրիի ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը։
«Սա բիենալեի հաղթողների աշխատանքների արդեն երկրորդ ցուցահանդեսն է։ Առաջին ցուցահանդեսն անցկացվել է հոկտեմբերի 7-ին Գյումրիում»,- ասաց Սարգսյանը երեքշաբթի Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Նրա խոսքերով, ցուցահանդեսին կներկայացվեն Գյումրիի բիենալեի՝ հայ, ֆրանսիացի, պորտուգալացի, ավստրիացի և ճապոնացի ինը հաղթողների լուսանկարները, քանդակները, ինչպես նաև կտավները։
Սարգսյանը նաև ավելացրեց, որ հաղթողների աշխատանքներից բացի ցուցադրության մեջ ընդգրկված կլինեն նաև որոշ հեղինակների՝ բիենալեին նվիրած աշխատանքները։
Բիենալեի աշխատանքների վերջին՝ երրորդ ցուցահանդեսը կանցկացվի Սպիտակում, այնուհետև բոլոր ցուցադրությունը կնվիրվի Սպիտակի թանգարանին։
Միջոցառման կազմակերպիչը հիշեցրեց, որ բիենալեին մասնակցելու համար Գյումրի էին եկել 30 երկրներից արվեստի 75 գործիչներ։ Հայկական կողմը ներկայացնում էր 50 մարդ։
Սարգսյանն ավելացրեց, որ այս տարի բիենալեն անցկացվել է «Պատմական վերափոխումներ և զուգահեռ պատմություններ» խորագրի ներքո, որպես հիմնական հայեցակարգ ընտրվել է պատմական կոնտեքստը։
Իր հերթին, Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը նշեց, որ նման միջոցառումների անցկացումը երկրի մարզերում նպաստում է արվեստի ապակենտրոնացմանը։
«Ես կարծում եմ, որ թանգարանները պետք է ակտիվորեն համագործակցեն միմյանց հետ և ցուցանմուշներ փոխանակեն»,- ավելցրեց նա։
Ընդ որում, Ալոյանը լրագրողներին ներկայացրեց թանգարանի ստեղծման պատմությունը։ Նրա խոսքերով, թանգարանը հիմնադրվել է 1974 թ.-ին և 5 տարի շարունակ Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է համարվել, այնուհետև Վանաձորի կերպարվեստի թանգարանը առանձին կառույց դարձավ։
«Մեր թանգարանը հպարտ է իր հարուստ ֆոնդով, որում ավելի քան 1700 անուն նմուշ կա, այդ թվում՝ գեղանկարչություն, քանդակագործություն, դեկորատիվ և կիրառական արվեստ, ինչպես նաև գրաֆիկա»,- ասաց նա։
Ալոյանի խոսքերով, թանգարանի մշտական էքսպոզիցիան ամեն տարի նորացվում է, իսկ գարնանն ու աշնանն անցկացվում են հայ նկարիչների ցուցահանդեսներ։
Վեցերորդ բիենալեն անցկացվել է Գյումրիում սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Բիենալեի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 550 հազ. եվրո՝ ներառյալ օտարերկրյա մասնակիցների Հայաստան այցի և բնակության ֆինանսավորումը, ինչպես նաև նրանց աշխատանքների տեղափոխումը։
Նրա խոսքերով, այս տարի Գյումրիի բիենալեի պատմության մեջ առաջին անգամ այդ միջոցառմանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը, որը կազմակերպչական նպատակների համար հատկացրել է 10,86 մլն դրամ (շուրջ 35,8 հազ. ԱՄՆ դոլար)։--0--