ԱՄՆ-ն միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Հայաստանում ԱՄՆ դեսպան

04.11.2008, 14:09
ԱՄՆ-ն միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը. Հայաստանում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ կառավարությունը միշտ պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը։

«Մենք Հայաստանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի համար շատ կարևոր ենք համարում, որպեսզի բացվեն սահմաններն ու հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև ձեռնարկվեն հետագա քայլեր, այդ թվում նաև տրանսպորտային և առևտրային միջանցքների բացման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, իրականում կարող են կերպարանափոխել տարածաշրջանն ու տարբեր հնարավորություններ բացել Հայաստանի համար», - ասել է Յովանովիչը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Սակայն, ամերիկացի դինավագետի խոսքերով, «առաջին հերթին դա երկու երկրների գործն է՝ գնալ հաշտեցման ու ձեռնարկել համապատասխան քայլեր»։

«ԱՄՆ կառավարությունը միշտ պատրաստ է աջակցել նմանատիպ գործընթացներին կողմերի համար ընդունելի ցանկացած միջոցով», - ասել է Յովանովիչը։

«Երկու կողմերն էլ, անկասկած, ունեն բավականին ծանրակշիռ դիրքորոշումներ։ Ակնհայտ է, որ կա պատմություն, և երկու կողմերն էլ պետք է ճկունություն դրսևորեն առաջ գնալու համար, մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր մոտեցմանը, որի շուրջ կողմերը համաձայնության կգան», - ասել է Յովանովիչը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0—