ՀՀ ԱԳ նախարարը հուսով է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացումը դուռ կբացի դեպի հակամարտության կարգավորում

04.11.2008, 10:55
ՀՀ ԱԳ նախարարը հուսով է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացումը դուռ կբացի դեպի հակամարտության կարգավորում
ՀՀ ԱԳ նախարարը հուսով է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ակտիվացումը դուռ կբացի դեպի հակամարտության կարգավորում

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ կիրակի տեղի ունեցած հանդիպումից հետո ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ակտիվացումը դուռ կբացի դեպի հակամարտության կարգավորում։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի կիրակնօրյա հանդիպումից հետո երեք երկրների առաջնորդները ստորագրել են հռչակագիր, որտեղ կողմերը պատրաստակամություն են հայտնում նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով:

Հռչակագիրը նախատեսում է հակամարտության կարգավորում՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական զարգացման և համակողմանի համագործակցության համար:

«Այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է բանակցությունների ակտիվացման տեսակետից նոր փուլի բացման համար։ Նախագահաները հանձնարարել են երկու երկրների արտգործնախարարներին ակտիվացնել բանակցությունները», - նախօրիեն Փարիզում լրագրողներին է ասել Նալբանդյանը։

Նրա խոսքերով, հռչակագրի ստորագրումից և բանակցություններից հետո տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որը կրել է բովանդակալից և կառուցողական բնույթ։

«Համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան՝ Հայաստան, Ղարաբաղ և Ադրբեջան՝ բանակցությունները շարունակելու և գործընթացն ակտիվացնելու համար», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա ընդգծել է, որ այս օրերին Սերժ Սարգսյանի՝ Փարիզ կատարվող այցի ընթացքում ՀՀ նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին, որի հետ կքննարկի Մայնդորֆում (Մոսկվայի մարզ) կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-