Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամները լրացուցիչ տեղեկություններ են ստացել Երևանի անկարգությունների մասին

03.11.2008, 16:57
Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամները լրացուցիչ տեղեկություններ են ստացել Երևանի անկարգությունների մասին
Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամները լրացուցիչ տեղեկություններ են ստացել Երևանի անկարգությունների մասին

Մարտի 1-2-ի իրադարձությունների քննությամբ զբաղվող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի անդամներ Գուրգեն Արսենյանն ու Արծվիկ Մինասյանն անցյալ շաբաթ այցելել են զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկին, որը լրացուցիչ տեղեկություններ է տվել նրանց Երևանի մարտի 1-2-ի դեպքերի մասին։

Ինչպես երկուշաբթի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց Գուրգեն Արսենյանը, տեղեկություններն իրենց տրամադրել է Հովհաննես Բաբայանը՝ Հայոց համազգային շարժման երիտասարդական թևի նախկին ղեկավարը, որն ինչպես նախագահական ընտրությունների նախապատրաստական, այնպես էլ հետընտրական փուլերում ընդդիմության գործողությունների ակտիվ մասնակիցն էր։  

Արսենյանի խոսքերով, ներկայումս նա գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հաստատությունում և մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի երկրորդ մասով (խարդախություն)։

«Բաբայանը կալանավորվել է Երևանի մարտի դեպքերի հետ կապ չունեցող գործով, սակայն եղել է դրանց մասնակիցը և ցանկություն է հայտնել ցուցմունքներ տալ՝ օգնելով քննությանը»,- տեղեկացրեց նա։

Արսենյանը նշեց, որ մեղադրյալը հանձնաժողովի անդամներին մանրամասն ներկայացրել է ընդդիմության կողմնակիցների գործողությունների կազմակերպման մեխանիզմը, հանրահավաքների ժամանակ գործողությունների համակարգվածությունը և պատմել մարտի մեկի դեպքերի մասին։ Հանձնաժողովի անդամը նաև պարզաբանեց, որ թեև Բաբայանը չի տեսել Ոստիկանության կողմից Ազատության հրապարակի զննման սկիզբը, բայց տեսել է հանրահավաքի մասնակիցների մոտից երկաթե ձողերի առգրավման գործընթացը։   

«Սակայն հարկ է նշել, որ Բաբայանը իրավապահ մարմիններին զանգվածային անկարգությունների որոշ մասնակիցների դեմ ցուցմունքներ է տվել, որոնք արդյունքում չեն հաստատվել»,- ավելացրեց նա։  

Խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, Բաբայանի տրամադրած տեղեկությունները հանձնաժողովին շեղելու նպատակ ունեին։ 
 
«Նա փորձեց բոլորին ներգրավել իր գործի մեջ և օգտագործել իր սեփական շահերին»,- ավելացրեց նա։ --0--