Վանաձորի հիվանդանոցում ջրի աղտոտումից տուժած դեռ 30 հիվանդ կա

31.10.2008, 19:58
Վանաձորի հիվանդանոցում ջրի աղտոտումից տուժած դեռ 30 հիվանդ կա

Վանաձոր քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցում հոկտեմբերի 31-ի դրությամբ դեռ 30 հիվանդներ կան, որոնք հոսպիտալացվել են ջրի աղտոտումից առաջացած աղեստամոքսային վարակի հատկանիշներով, հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Նոր հիվանդներ աղիքային վարակի բողոքներով հիվանդանոց չեն դիմել», -ասվում է հաղորդագրությունում։

Մեկ օր առաջ Վանաձորի և Ալավերդու հիվանդանոցներից դուրս են գրվել, համապատասխանաբար, 28 և 18 հիվանդներ։
 
Հաղորդագրության համաձայն, պրոֆիլակտիկ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները շարունակվում են։

Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքների բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել:

Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։

Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում)։ --0—