Երևանի մարտյան անկարգությունների կալանավորված մասնակիցների հարազատները պահանջում են ազատ արձակել նրանց
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մարտյան անկարգություններից հետո կալանավորված անձանց հարազատները ուրբաթ նամակ են հղել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ «քաղբանտարկյալներին» ազատելու պահանջով։
Հայկական ընդդիմադիր ուժերը «քաղբանտարկյալներ» են համարում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հայկական ընդդիմության երկարատև ցույցերից հետո մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների ընթացքում ձերբակալված անձանց, ովքեր բողոքում էին փետրվարին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։
«Այսօր մենք նախատեսում ենք Գլխավոր դատախազություն ուղղել թվով 29-րդ նամակը՝ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու և մարտյան իրադարձությունների անաչառ հետաքննություն անցկացնելու պահանջով»,- լրագրողներին հայտնեց անազատության մեջ գտնվող ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը ուրբաթ Գլխավոր դատախազության շենքի առջև կազմակերպած ակցիայի ընթացքում։
Միաժամանակ նա նշեց, որ պատրանքներ չունի, թե Գլխավոր դատախազությունը կպատասխանի տվյալ նամակին։ «Համոզված եմ, որ այս ուղերձն անպատասխան կմնա, ինչպես և բոլոր նախորդ նամակները»,- ասաց նա։
Իր հերթին «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ուրբաթ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու կողմնակիցները հավաքվում են Գլխավոր դատախազության շենքի առջև, որպեսզի կրկին ու կրկին բարձրաձայնեն իրենց պահանջները։ «Մենք համոզված ենք, որ նման ակցիաների անցկացումն անարդյունք չի մնա»,- ասաց նա։ -0-