Հայաստանի նախագահը նոյեմբերի 2-ին կմեկնի Մոսկվա` Ղարաբաղի հարցով ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է, որն այդ առաջարկությունը հնչեցրեց հոկտեմբերի 20-21-ը Երևան կատարած իր այցի ընթացքում: Մոսկվա վերադառնալուց հետո Մեդվեդևը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ՝ ծրագրված հանդիպման նախապատրաստման վերաբերյալ։
Երեք պետությունների ղեկավարների օրակարգում կան հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

