Հայկական կողմը պնդեց, որպեսզի ԱՊՀ մոդելային օրենքից հանվի Հայաստանի համար անընդունելի դրույթը

31.10.2008, 16:04
Հայկական կողմը պնդեց, որպեսզի ԱՊՀ մոդելային օրենքից հանվի Հայաստանի համար անընդունելի դրույթը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական կողմը պնդեց, որպեսզի ԱՊՀ մոդելային «Էքստրեմիզմին դիմակայության մասին» օրենքից հանվի  Հայաստանի համար անընդունելի դրույթը, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Հրայր Կարապետյանը։

Ըստ նրա, հոկտեմբերի 21-25-ը Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ Խորհրդարնական վեհաժողովի պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայկական կողմը հայտարարեց, որ   անընդունելի է այն դրույթը, ըստ որի այս կամ այն երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործունեություն համարվում է ծայրահեղական գործունեություն։

«Մենք հանդիպեցինք հանձնաժողովի նախագահ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վոյտենկոյի հետ և հայտարարեցինք, որ մոդելային օրենքներում չպետք է պարունակվեն այս կամ այն երկրի համար վիճելի հարցեր»,- ասաց Կարապետյանը, ով մասնակցում էր հանձնաժողովի նիստին։

Ըստ նրա, բանակցություններից հետո հանձնաժողովի նախագահը համաձայնեց այդ դրույթը հանել օրինագծից։ -0-