Հարավային Օսեթիայի դեպքերից հետո Հայաստանը դիվանագիտության ավելի բարձր մակարդակ ցույց տվեց
Հարավային Օսեթիայի դեպքերից հետո Հայաստանը դիվանագիտության ավելի բարձր մակարդակ ցուցադրեց, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Մեզ հաջողվեց ձևավորել այնպիսի դիվանագիտական կուրս, որը թույլ տվեց պահպանել Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, Վրաստանի նկատմամբ դրսևորել մեզ ոչ միայն որպես հարևան, այլ նաև բարեկամական պետություն, մեր դիվանագիտական գործունեության համար արժանանալ բարձր գնահատականի Արևմուտքի կողմից»,- հինգշաբթի հայտնեց Սաֆրաստյանը մամուլի ասուլիսին։
Այս ամենը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ հայկական դիվանագիտությունը մի քայլով բարձրացել է։
Ավելին, Սաֆրաստյանի կարծիքով, Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչումը նախադեպ դարձավ Լեռնային Ղարաբաղի համար՝ մեծացնելով նրա նշանակությունը տարածաշրջանում։
Սաֆրաստյանը գտնում է, որ Հայաստանի դիվանագիտական հաջողությունից հետո Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքների համատեքստում պետք է դիվանագիտորեն ճիշտ օգտագործել նաև Ղարաբաղի գործոնը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-