Հայ-ռուսական հարաբերությունները միայն ամրապնդվում են. ԱԳՆ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում, ամրապնդվում ու խորանում են։
«Ինձ զարմացնում են այն պնդումները, թե Հայաստանն իբր շրջվել է մեջքով դեպի Ռուսաստանը և ավելի արևմտամետ քաղաքականություն է վարում։ Դա իրականում վերլուծություն չէ, այլ հիվանդ երևակայություն։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցն ապացուցեց, որ եթե երկկողմ հարաբերություններում նույնիսկ կան ինչ-որ փոփոխություններ, ապա դրանք ուղղված են Հայաստանի և նրա ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- հինգշաբթի ասաց Նալբանդյանը՝ ելույթ ունենալով 2009թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումներին։
Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ, հավատարիմ մնալով դաշնակցային իր պարտականություններին՝ Հայաստանը ցանկանում է զարգացնել, խորացնել և ընդլայնել իր հարաբերությունները բազմավեկտորային ձևաչափով։
«Մենք ընդգծում ենք ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունները ու համագործակցությունը ընդլայնելու և ամրապնդելու մեր ցանկությունը։ Կարևորներից է նաև եվրոպական ուղղությունը»,- ասաց ԱԳՆ ղեկավարը։ -0-