Մարտյան իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող խորհրդարանական հանձնաժողովն ամեն բան կանի ճշմարտությունը պարզելու համար. հանձնաժողովի անդամ
Երևանում մարտյան իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող Աժ ժամանակավոր հանձնաժողովն ամեն բան կանի ճշմարտությունը պարզելու համար, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տվյալ հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Մարտի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 16-ին, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի մասին ԵԽԽՎ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում։ Բանաձևն ընդունվել է ապրիլին մարտի 1-ին՝ ընդդիմության կողմից անցկացված հանրահավաքից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բարդ քաղաքական իրավիճակի կապակցությամբ։
«Հանձնաժողովի աշխատանքները դեռ ավարտված չեն, և դեռ վաղ է գնահատականներ տալ, բայց ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովն ամեն բան կանի, որպեսզի մարտյան դեպքերի վերաբերյալ ճշմարտությունը պարզվի։ Դա ողջ ժողովրդին է անհրաժեշտ»,- նշեց պատգամավորը։
Մեկնաբանելով մարտի 1-2-ի դեպքերի փաստերը հավաքելու նպատակով փորձագետների խմբի ստեղծումը՝ Մարգարյանն ընդգծեց, որ Խմբի գլխավոր տարբերությունը ժամանակավոր հանձնաժողովից այն է, որ Խմբում պրոֆեսիոնալներ են ընդգրկված։
«Խմբի ստեղծումը թելադրված էր պրոֆեսիոնալ մոտեցման անհրաժեշտությամբ։ Կան մի շարք հարցեր, որոնք պահանջում են միջազգային փորձաքննություն»,- նշեց Մարգարյանը։
Նա հայտնեց, որ իշխող կոալիցիան քննարկում է Խմբում երկու ներկայացուցիչ նշանակելու հարցը։ «Կարևոր չէ, թե իշխող կոալիցիայից ով կներկայացվի, կարևորն այն է, որ նա պրոֆեսիոնալ լինի»,- ասաց Մարգարյանը։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել մարտի 1-2 դեպքերի փաստահավաք գործունեություն իրականացնելու համար փորձագետների խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման մասին։ Խումբը բաղկացած կլինի հինգ անդամից: Դրա կազմում ընդգրկված կլինեն երկու մարդ իշխող քաղաքական կոալիցիայից, մեկական՝ «Ժառանգություն» կուսակցությունից և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժից և մեկ անդամ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։ --0--