Պոուլսենը մինչև 2010 թ.-ը կլինի Հայաստանի ֆուտբոլի հավաքանի գլխավոր մարզիչը. ՀՖՖ նախագահ
Յան Պոուլսենը կպահպանի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի իր պաշտոնը մինչև 2010 թ.-ը, տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Պոուլսենը կաշխատի որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ ևս երկու տարի՝ իր պայմանագրի համաձայն», - ասաց նա հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն Յան Պոուլսենի հետ պայմանագիրը կնքվել է այս տարվա հունվարին՝ մինչև 2010 թ.-ի մայիս։
Միաժամանակ նա նշեց, որ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ազգային հավաքականի վատ խաղի կապակցությամբ գլխավոր մարզչի գործունեությանը գնահատական կտրվի 2008 թ.-ի նոյեմբերին կայանալիք ՀՖՖ ամենամյա կոնֆերանսի ժամանակ։
Հայաստանի հավաքականը Իսպանիայի, Բելգիայի, Թուրքիայի, Էստոնիայի, Բոսնիա և Հերցոգովինայի թիմերի հետ միասին ընդգրկված է եվրոպական գոտու հինգերորդ խմբի մեջ։ Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանը չորս հանդիպում է ունեցել Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի հավաքականների հետ և զիջել է բոլոր խաղերում, ինչը դժգոհություն է առաջացրել ֆուտբոլասերների շրջանում։
Մեկնաբանելով Պոուլսենին աշխատանքից ազատելու մասին հասարակության մեջ շրջանառվող ասեկոսները՝ Հայրապետյանը հայտարարեց, որ Ֆեդերացիան մտադիր չէ լուծարել նրա հետ կնքած պայմանագիրը։
ՀՖՖ նախագահն ավելացրեց, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ և ազատել զբաղեցրած պաշտոնը, եթե պարզվի, որ ազգային հավաքականի պարտության պատճառը իր վատ աշխատանքն է։-0-