Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում կարող է ակտիվացնել Ղարաբաղի շուրջ բանակցությունները. ՀՀ ԱԳՆ

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը կարող է նոր ազդակ հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Հայաստանը մեծ կարևորություն է տալիս և ողջունում է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, որը կարող է խթանել բանակցային գործընթացը։ Հուսով ենք, որ հանդիպումը նոր ուղի կբացի բանակցությունների ակտիվացման համար, որոնք կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», - ասաց նա հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ հանդիպումը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 2-ին։ Հանդիպման նախաձեռնողը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն է, որն այդ առաջարկությունը հնչեցրեց հոկտեմբերի 20-21-ը Երևան կատարած իր այցի ընթացքում։
ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ վաղը մեկնում է Մոսկվա, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի կունենա նախապատրաստական հանդիպում՝ երեք երկրների նախագահների հանդիպման նախօրեին։
Նալբանդյանի խոսքերով, նոյեմբերի 1-ին արտգործնախարարները կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, իսկ հաջորդ օրը կկայանա պետությունների ղեկավարների հանդիպումը։ «Բանակցությունների գործընթացը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և համանախագահների օգնությամբ է ընթանում», - հավաստեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-