Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը կընդունվի նոյեմբերին. ՀՖՖ նախագահ

30.10.2008, 13:54
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը կընդունվի նոյեմբերին. ՀՖՖ նախագահ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը կընդունվի նոյեմբերին. ՀՖՖ նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր տարբերանշանը կընդունվի 2008 թ.-ի նոյեմբերին, տեղեկացրեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«ՀՖՖ-ի նոր տարբերանշանի վրա կրկին պատկերված կլինի Արարատ լեռը, որի բացակայությունը տարբերանշանի ներկայիս տարբերակի վրա դժգոհություն է առաջացրել հայկական հասարակությունում», - ասաց նա հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՖՖ ներկայիս տարբերանշանի վրա, որի շնորհանդեսը տեղի էր ունեցել 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման նախօրեին, Արարատ լեռան պատկերը բացակայում է, որի փոխարեն տարբերանշանի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ։ Որոշ քաղաքական գործիչների կարծիքով, այս ամենը զիջում և նախապայման դարձավ՝ հանդիպումը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան այցի համար։

Ֆեդերացիայի նախագահը լրագրողներին ներկայացրեց ՀՖՖ-ի նոր տարբերանշանի չորս նախնական տարբերակները և լսեց նրանց առաջարկությունները։

Հայրապետյանի խոսքերով, նոր տարբերանշանը կընդունվի ՀՖՖ ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որը տեղի կունենա հաջորդ ամսվա սկզբին։ Նա նաև ավելացրեց, որ տարբերանշանը կօգտագործվի միայն ադմինիստրատիվ նպատակներով, իսկ ազգային հավաքականի ֆուտբոլիստների համազգեստի վրա պատկերված կլինի Հայաստանի զինանշանի օրիգինալ տարբերակը։

«Նոր տարբերանշանի վրա տեքստը գրված կլինի երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Այսպես, երկրի ներսում մենք կօգտագործենք հայերեն տարբերակը, իսկ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կառույցում՝ անգլերեն տարբերակը», - տեղեկացրեց Հայրապետյանը։-0-