Հայ անչափահաս երեխաների ավելի քան 6 տոկոսը ստիպված է աշխատել. UNIСEF

Հայաստանում 7-8 տարեկան երեխաների շուրջ 6,1 տոկոսը ստիպված է աշխատել դպրոց հաճախելու փոխարեն, ասաց Հայաստանում UNIСEF-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ներկայացուցիչ Լեյլի Մոշիրի-Գիլանին։
«Այլ երկրների հետ համեմատ այս ցուցանիշն այդքան էլ մեծ չէ, սակայն երեխաները բաց են թողնում դասերը և հեռացվում են դպրոցից այն պատճառով, որ ստիպված են աշխատել։ Բացի այդ, այս իրավիճակը պայմանավորված է նաև կրթության որակով», - հինգշաբթի Երևանում լրագրողներին ասաց Մոշիրի-Գիլանին։
Նրա խոսքերով, նշված խնդիրները՝ անչափահասների աշխատանքն ու դպրոցի դասերից նրանց բացակայությունը, արդեն հասել են մտահոգիչ մակարդակի։
UNIСEF-ի ներկայացուցիչը մեջբերեց Երևանի դպրոցներից մեկի տնօրենի խոսքերն այն մասին, որ երեխաները ստիպված են թողնել դպրոցն ու գնալ աշխատելու, քանի որ ընտանիքում նրանցից բացի ոչ ոք չի կարող գումար աշխատել ընտանիքը պահելու համար։ «Աշխատանքը զրկում է երեխաներին մանկությունից», - ընդգծեց Մոշիրի-Գիլանին։
Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է կրթության մատչելիություն ապահովել բոլորի համար, ինչպես նաև ինտեգրել երեխաների դպրոցական միջավայր։
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի 1450 հանրակրթական դպրոցներում 2008-2009 ուստարում կրթություն է ստանում մոտ 435,5 հազ. աշակերտ։-0-