Դատարանը երկու ամսով երկարացրել է ՀՀ խորհրդարանի երկու պատգամավորների կալանքի ժամկետը

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ՀՀ խորհրդարանի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի և Հակոբ Հակոբյանի կալանքը երկու ամսով երկարացնելու մասին՝ մինչև, համապատասխանաբար, 2009 թ. հունվարի 2-ը և 3-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը։
Դատարանը մերժել է Հակոբյանի շահերի պաշտպանի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու մասին միջնորդությունը:
Պատգամավորները մեղադրվում են Երևանում մարտի 1-2-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ։ Նրանց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով («Զանգվածային անկարգությունները») և 300-րդ հոդվածի 1-ին մասով («Պետական իշխանություն յուրացնելը»)։
ՀՀ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանին, Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին և Սասուն Միքայելյանին՝ Երևանի մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների գործով որպես մեղադրյալներ ներգրավելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին որոշումներն ընդունվել են մարտի 4-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ։-0-