Հայաստանում երրորդ երեխայի ծննդի համար մայրական դրամագլուխն ավելացել է՝ հասնելով 1400 դոլարի

29.10.2008, 19:27
Հայաստանում երրորդ երեխայի ծննդի համար մայրական դրամագլուխն ավելացել է՝ հասնելով 1400 դոլարի
Հայաստանում երրորդ երեխայի ծննդի համար մայրական դրամագլուխն ավելացել է՝ հասնելով 1400 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան համար միանվագ նպաստը ավելացել է՝ հասնելով մինչև 430 հազար դրամի (շուրջ 1400 ԱՄՆ դոլար), հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը։  

2009 թ.-ի պետբյուջեի օրինագծի համաձայն, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստը կազմում է 50 հազար դրամ (163 ԱՄՆ դոլար)՝ նախկին 35 հազար դրամի փոխարեն։

«Երրորդ և հաջորդ երեխայի համար միանվագ նպաստ կստանան բոլոր մայրերը, այլ ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներից»,- ասաց նախարարը չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում Հայաստանի 2009 թ.-ի պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ։   

Այս առնչությամբ նա ասաց, որ նախկին բաշխումը, համաձայն որի երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան ավելացված նպաստը ստանում էին միայն անապահով խավերը, կոռուպցիոն ռիսկեր էր առաջացնում։

«Մենք ելք գտանք և երրորդ ու հաջորդ երեխայի ծննդյան ավելացված նպաստ սահմանեցինք բացառապես բոլորի համար»,- ասաց Համբարձումյանը։ 

Ընդ որում նախարարը նշեց, որ եթե 90-ականներին նկատվում էր ծնելիության անկում, ապա 2001-2002 թթ.-ից նկատվեց ծնելիության մակարդակի աճ։

«Ճիշտ է, զարգացումը ցածր տեմպերով  է ընթանում, բայց աճի դինամիկա կա, և համապատասխան քաղաքականության իրականացման արդյունքում (իսկ 2009 թ.-ից նախարարությունը լրջորեն զբաղվելու է ժողովրդագրության հարցով, և այն գործունեության առաջնային ուղղություն կդառնա) ժամանակի ընթացքում իրավիճակը կփոխվի»,- ասաց նա։

Համբարձումյանը նշեց, որ 2007 թ.-ին Հայաստանում ծնվել է ընտանիքում երրորդը և հաջորդը հանդիսացող 40 հազար երեխա, իսկ 2009-ին այդ ցուցանիշը կավելանա 5400 երեխայով։ --0--