Հայաստանին ժամանակ է պետք ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

29.10.2008, 18:42
Հայաստանին ժամանակ է պետք ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին որոշակի ժամանակ է պետք ժողովրդավարական հասարակություն ձևավորելու համար, կարծում է հանրապետությունում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեխեն։

«Հասարակությունում ժողովրդավարական արժեքների ներմուծումը երկար գործընթաց է և դրա համար սերնդափոխություն է պահանջվում»,- ասաց նա չորեքշաբթի «Եվրոպական հարևանության ծրագիրը 2 տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» թեմայով Երևանում կայացած միջազգային վեհաժողովի ժամանակ։

Միևնույն ժամանակ Զեխեն դրական գնահատեց Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության արդյունքները՝ ուղղված երկրում ժողովրդավարական արժեքների զարգացմանը։

Իր հերթին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի պատասխանատու Կարել Հովստրան նշեց, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը և Եվրամիությունը միավորված են մեկ ընդհանուր նպատակով՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։  

«2008 թ.-ը հեշտ տարի չէր Հայաստանի համար մարդու իրավունքների պաշտպնաության ապահովման տեսակետից»,- ասաց նա՝ նշելով քաղաքական կամքի ձևավորման հարցում «բաց մտածելակերպի» անհրաժեշտությունը։ --0--