Ժամանակակից հայ բանաստեղծների անթոլոգիան 2009 թ.-ին կհրատարակվի Թուրքիայում. մշակույթի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից հայ բանաստեղծների անթոլոգիան թուրքերեն թարգմանությամբ 2009 թ.-ին կհրատարակվի Թուրքիայում, հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության գրահրատարակչության գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը։
«Թուրքական կողմը հետաքրքրվեց մեր գրականությամբ Ֆրանկֆուրտում կայացած գրքի ցուցահանդեսի ժամանակ՝ առաջարկելով հրատարակել հայ բանաստեղծների անթոլոգիան»,- ասաց Միլիտոնյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Գրքի ցուցահանդես-վաճառքը Ֆրանկֆուրտում անցկացվում էր հոկտեմբերի 15-19-ը։
Գործակալության պետի խոսքերով, հայ բանաստեղծների ստեղծագործությունները թուրքերեն կթարգմանվեն ոչ թե բնագրից, այլ անգլերեն տարբերակից։
Հայ բանաստեղծների՝ թուրքերեն թարգմանությամբ անթոլոգիայում կընդգրկվեն շուրջ 20 հեղինակների ստեղծագործություններ, այդ թվում՝ Հովհաննես Գրիգորյանի, Արտեմ Հարությունյանի, Դավիթ Հովհաննեսի։ Թուրքական Պեն-կլուբ գրահրատարակչության հետ արդեն համապատասխան պայմանավորվածություն կա։ --0--