Հայաստանում ռուսաց լեզվին անհրաժեշտ է միջազգային շփման լեզվի կարգավիճակ տալ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսաց լեզվին անհրաժեշտ է միջազգային շփման լեզվի կարգավիճակ տալ, կարծում է «Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն։
«Եթե ռուսաց լեզուն Հայաստանում միջազգային շփման լեզվի կարգավիճակ ստանա, ապա դա ոչ մի ազդեցություն չի ունենա պետական հայոց լեզվի առաջնային դիրքի վրա»,- ասաց նա երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։ Յակովենկոն նշեց, որ Հայաստանում ռուս համայնքի ներկայացուցիչների հիմնական խնդիրը հենց այս հարցն է։
«Ռուսաց լեզուն օրենսդրական մակարդակում շատ անհասկանալի կարգավիճակ ունի. պարզ չէ՝ օտա՞ր, թե՞ առաջին օտար լեզվի»,- պարզաբանեց նա։ Յակովենկոյի խոսքերով, ռուսաց լեզվի կարգավիճակի օրենսդրական ամրապնդումը հնարավորություն կտա մի շարք խնդիրներ առաջ քաշել և լուծել դրանք արդեն օրենսդրական ճանապարհով։
Իր հերթին «Հայաստանում ռուս հայրենակիցների օգնության ու աջակցության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Իվան Սեմյոնովը կարծում է, որ ՀՀ «Լեզվի մասին» օրենքը 1993 թ.-ին փոքր-ինչ հապճեպ է ընդունվել։
«Փակվել են ռուսական դպրոցները, շատ ռուսալեզու բարձրակարգ մասնագետներ մնացել են առանց աշխատանքի»,- ասաց նա։ Սեմյոնովը նաև նշեց, որ ռուսական դպրոցների փակումը հատկապես ուժեղ ազդել է ռուսալեզու բնակչության՝ Հայաստանից արտագաղթի վրա։
«Եթե 1989 թ.-ին Կենտրոնական վիճակագրական վարչության մարդահամարի համաձայն՝ Հայաստանում ապրում էին 51 հազար ռուսներ, ապա այսօր նրանց թիվը կրճատվել է մինչև շուրջ 10 հազար մարդու»,- հայտնեց նա։
Հիմնադրամի գլխավոր տնօրենն ավելացրեց, որ երկրից հեռանում են հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, ինչը կարող է ապագայում հանգեցնել Հանրապետությունում ռուսական համայնքի ավելի մեծ կրճատման։
Ընդ որում Սեմենյոնովն ընդգծեց, որ ռուսական համայնքի ներկայացուցիչները Հայաստանի քաղաքացիներ են և ազգային բնույթի որևէ խտրականություն չեն զգում։
«Սա կարելի է ասել նաև հանրապետությունում բնակվող մյուս բոլոր ազգային փոքրամասնությունների մասին, նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն և առաջնորդվում են ՀՀ օրենսդրությամբ»,- ասաց նա։
Հայաստանում բնակվում են 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, վրացիներ, գերմանացիներ, հույներ, հրեաներ, քրդեր, լեհեր, ռուսներ, ուկրաինացիներ և եզդիներ։ Ազգային փոքրամասնությունները կազմում են Հայաստանի բնակչության 4 տոկոսը (հանրապետության բնակիչների ընդհանուր թիվը 3,2 միլիոն մարդ է)։
Ռուս հայրենակիցների համաշխարհային վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար, «ՕԴԱ-Շող» ՀԿ նախագահ Ալեքսանդր Սերովի խոսքերով, «Ռուսաց լեզուն 2006-2010 թթ.-ին» 2006 թ.-ին Ռուսաստանում ընդունված Դաշնային նպատակային ծրագրի շրջանակներում նախատեսվում է, մասնավորապես, ֆինանսավորել ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները, ինչպես նաև հայրենակիցների բնակության երկրներում Ռուսաստանի դեսպանատների միջոցով ուսումնական, մեթոդական և այլ գրականություն տրամադրել դպրոցներում երեխաներին մայրենի լեզվով կրթելու համար։ --0--