Լոռու մարզի բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքների բնակիչների զանգվածային վարակի պատճառն անորակ ջուրն է եղել, հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։
«Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետազոտությունները ցույց են տվել, որ բնակիչների զանգվածային վարակման պատճառն անորակ խմելու ջուրն է դարձել։ Հիվանդության բնույթը վկայում է այն մասին, որ վթարի արդյունքում տեղի է ունեցել կոյուղաջրերի մուտք խմելու ջրի համակարգ»,- չորեքշաբթի երկրի խորհրդարանում լրագրողներին հայտնեց նախարարը։
Վարակման առաջին դեպքը Լոռու մարզում գրանցվեց հոկտեմբերի 18-ին։ Հոկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում աղեստամոքսային ինֆեկցիայի հատկանիշներով բուժօգնության է դիմել Լոռու մարզի 341 բնակիչ։
Վարակման փաստով քրեական գործ է հարուցվել 277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկանց զանգվածային հիվանդացություն կամ թունավորում)։
Նախարարը տեղեկացրեց, որ այսօր առավոտյի տվյալներով, գրանցվել է վարակի դեպքերի նվազում և ընթացքը գրեթե կանգնեցվել է։ Քուշկյանը հավաստիացրեց, որ վարակի օջախը հայտնաբերված է, ջրի մատակարարումը սահմանափակ է, աշխատանքներ են տարվում ջրի մաքրման և քլորացման ուղղությամբ։
Մեկնաբանելով լուրերն այն մասին, թե վարակի պատճառն, իբրև թե, չինական կաթնամթերքն է, որոնցում մելամին է հայտնաբերվել, առողջապահության նախարարը նշեց, որ նման լուրերի համար հիմքեր չկան։
Քուշկյանի խոսքերով, հիվանդության հատկանիշները Լոռու մարզում նման չեն մելամինով թունավորվելու դեպքերին, իսկ հիվանդների մոտ հայտնաբերված մանրէները հատուկ են այն դեպքերին, երբ խառնվում են կոյուղու և խմելու ջուրը։
Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ ներկայումս կատարվում է հիվանդների դուրսգրում, որոնց մեծ մասը երեխաներ են։
Քուշկյանը նշեց, որ բուժումը տևում է միջին հաշվով երեք-չորս օր։ Առողջապահության նախարարի բերած տվյալներով՝ երկու օր առաջ մայրաքաղաք է տեղափոխվել 34 հիվանդ, իսկ երեկ՝ միայն 11-ը։ -0-