ՀՀ ԱԳ նախարարը զեկույցով հանդես է եկել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոն կատարած այցելության շրջանակներում այցելել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Chatham House), որտեղ ելույթ է ունեցել «Տարածաշրջանային անվտանգությունը Կովկասում. Հայկական հեռանկարը» զեկույցով։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա էին քաղաքական վերլուծաբաններ, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ, Միացյալ Թագավորության պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Ելույթից հետո Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերի:
Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է BBC ռադիոկայանի համաշխարհային ծառայության կենտրոնակայան և հարցազրույց տվել ռադիոկայանի չորս թղթակիցներին:
Նալբանդյանը նաև հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ դեսպան Բրայան Ֆոլին։
Նախարարն ու Ֆոլը մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային վերջին զարգացումներն ու հակամարտությունների կարգավորման հեռանկարները:
Նալբանդյանը վերադարձել է Հայաստան հոկտեմբերի 28-ին։-0-