Հայաստանն էական առաջնընթացի է հասել եվրոպական հարևանության ծրագրի իրականացման գործում. Ֆրանսիայի դեսպան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանն էական առաջընթացի է հասել եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունների ծրագրի իրականացման գործում, կարծում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։
«Առաջընթացն ակնհայտ է։ Դա իմ գնահատականը չէ, այլ ԵՄ գնահատականը։ Հայաստանի և Եվրամիության համագործակցության նախնական հաշվետվությունն արդեն կա, որում արձանագրված է հանրապետության առաջընթացը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սմեսովը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Դեսպանը նշեց, որ դեռ շատ բան կա անելու, մասնավորապես կաշառակերության դեմ պայքարի և ԶԼՄ-ների ազատության ապահովման ուղղությամբ։
Դիվանագետի խոսքերով, չափազանց կարևոր է ամուր հիմք ստեղծել Հայաստանի և Եվրամիության միջև լուրջ գործընկերություն կառուցելու համար, մանավանդ, որ ներկայում Բրյուսելում քննարկվում է նոր նախաձեռնություն, որը թույլ կտա ավելի ամրապնդել հաստատված համագործակցությունը։
Սմեսովի խոսքերով, տվյալ նախաձեռնությունը կընդգրկի Արևելյան Եվրոպայի 6 պետություն՝ Ուկրաինան, Մոլդովան, Բելառուսը, որի մասնակցությունը քննարկման փուլում է գտնվում, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք երկրները։ Դեսպանի կարծիքով, տվյալ ծրագիրը Եվրամիության հետ այդ երկրների համագործակցության զարգացման նոր փուլ կբացի։
Միաժամանակ դիվանագետն ասաց, որ չի կարող ավելի որոշակի տեղեկություններ հայտնել տվյալ ծրագրի մասին։
2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել և ուժի մեջ է մտել «Նոր հարևանություն» ծրագրի շրջանակներում Հայաստան-ԵՄ գործողություների հնգամյա ծրագիրը:
Եվրամիությունը ծրագրում էր տրամադրել Հայաստանին 100 մլն. եվրո՝ առաջնահերթությունների և Հայաստան-ԵՄ համագործակցության միջոցառումերի ծրագրերի իրականացման համար:--0—