Պարզվել է Կոմիտասի պողոտայի վրա տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պարզվել է կիրակի Երևանի Կոմիտասի պողոտայի վրա տեղի ունեցած սպանության կասկածյալների ինքնությունը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Կիրակի մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգից և ատրճանակից կրակ են արձակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ և սպանել 43-ամյա Հրաչյա Մաթևոսյանին և հրազենային վնասվածքներ պատճառել 32-ամյա Հարություն Բ.-ին, որը տեղափոխվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 պարկուճ և 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 6 պարկուճ և 2 գնդակ:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 29-ամյա Հայկ Դավթյանը և 32-ամյա Հայկազ Հակոբյանը, որոնց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Հայկ Դավթյանն ու ներկայացրել «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգը և «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հայկ Դավթյանը կալանավորված է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, ենթադրեց, որ այս աղմկահարույց սպանությունն ըստ ամենայնի կապված է վրեժխնդրության հետ, մասնավորապես անցած տարի Հայաստանի որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանի սպանության հետ։
Դավթյանին 2007 թ.-ի նոյեմբերի 8-ին սպանել էին նույն Կոմիտասի պողոտայում։ Անհայտ անձը երեք անգամ կրակել էր նրա վրա, ինչի արդյունքում նա մահացել էր գլխի շրջանում ստացած վնասվածքի պատճառով։
«Նովոստի-Արմենիա» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, ձերբակալված Հայկ Դավթյանը Սայաթ Դավթյանի եղբորորդին է։ --0--