ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի հարցերով նախարարի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

28.10.2008, 12:00
ՀՀ ԱԳ նախարարը Եվրոպայի հարցերով նախարարի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Քերոլին Ֆլինտի հետ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, մասնավորապես Եվրոպական Հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանի և Մեծ Բրիտանիայի երկկողմ համագործակցությունը ԵՀՔ շրջանակներում», - նշեցին մամուլի ծառայությունից։

Նալբանդյանն ու Ֆլինտը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին, մասնավորապես, հակամարտությունների կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

 

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատ, որտեղ հանդիպել է հայ-բրիտանական համակուսակցական բարեկամական խմբի անդամներին, որոնք ճաշ են տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին:

 

Հանդիպմանը ներկա էին երեք հիմնական` լեյբորիստական, պահպանողական, լիբերալ և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:

 

Բրիտանացի խորհրդարանականների հանդիպմանը նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է խորհրդարանների դերը` որպես ժողովուրդների և հասարակությունների միջև կամուրջներ կառուցող մարմինների:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են երկուստեք հեաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Նալբանդյանի՝ Մեծ Բրիտանիա այցի ընթացքում նախատեսված է նաև նրա ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), նրա հարցազրույցը BBC ռադիոկայանին, հանդիպումը բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Հարավային Կովկասում Մեծ Բրրիտանիայի կաառավության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ:-0-