Հայաստանը մեծ նշանակություն է տալիս սևծովյան երկրների հետ համագործակցությանը. Ազգային անվտանգության խորհուրդ

27.10.2008, 17:17
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս սևծովյան երկրների հետ համագործակցությանը. Ազգային անվտանգության խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանը մեծ նշանակություն է տալիս սևծովյան տարածաշրջանի երկրների հետ երկխոսության հաստատմանը, հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Երևանում Սևծովյան անվտանգության հարվարդյան յոթերորդ սեմինարի ընթացքում։

Սեմինարին, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը, մասնակցում են ուժային կառույցների, հասարակական կազմակերպությունների, գիտական ոլորտի  շուրջ 100 ներկայացուցիչներ 15 երկրներից՝ Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ 

«Այսօր շատ կարևոր է ուշադրություն դարձնել տարածաշրջանային ենթակառուցվածքի զարգացմանը և տարածաշրջանի երկրների միջև սոցիալական, տնտեսական և քաղաքական երկխոսության հաստատմանը»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքերով, սևծովյան տարածաշրջանի երկրների միջև փոխհարաբերությունների ամրապնդումը թույլ կտա նաև ապահովել դրանց անվտանգությունը։

Միաժամանակ Բաղդասարյանը նշեց, որ ռազմական ուժով հակամարտությունների կարգավորման ցանկացած փորձ արժանի է դատապարտման, քանի որ խոչընդոտում է տարածաշրջանի զարգացմանը։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ավելացրեց, որ Հայաստանը սերտորեն համագործակցում է եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների հետ՝ տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ լուծման և տարածաշրջանի ողջ ժողովրդավարացման նպատակով։

Իր հերթին, AIPRG (Armenian International Policy Research Group) ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Տիգրան Մկրտչյանը նշեց, որ քանի որ Հայաստանը անմիջականորեն չի մտնում սևծովյան տարածաշրջան, նա իրեն օտարված է զգում։ «Մեր հիմնական խնդիրը պետք է լինի նման օտարման հաղթահարումը»,- հավելեց նա։

Սևծովյան անվտանգության ծրագիրը հիմնվել է 2001թ. տարածաշրջանային անվտանգության համակարգին աջակցելու նպատակով՝ համագործակցության և ինտեգրման հիման վրա։ Այն տարածաշրջանի քաղաքական գործիչների և ԱՄՆ-ի գեներալների շփման բացառիկ ֆորում է՝ տարածաշրջանի վրա ազդող խնդիրների ավելի խոր ընկալման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտների խնդիրների լուծմանն աջակցելու համար։

Ծրագրում ներառված են ռազմական և քաղաքացիական փորձագետներ ԱՄՆ-ից և տարածաշրջանի տասը երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Վրաստանից, Հունաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ռումինիայից, Թուրքիայից և Ուկրաինայից։ -0-