Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ նախագահ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ և եթե միջազգային կազմակերպությունները և առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»,- երկուշաբթի նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերեցին նրա խոսքերը։
Սարգսյանը նշել է, որ շարունակական պասիվ ժամանակահատվածից հետո ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ակտիվ փուլ է մտել։ «Դա պայմանավորված է առնվազն երկու կարևոր ասպեկտներով. նախ, թե Հայաստանում, թե Ադրբեջանում ավարտվել են նախագահական ընտրությունները, և հետո տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները հերթական անգամ բոլորին համոզեցին, որ հակամարտության ռազմական լուծման ուղի գոյություն չունի»,- ասաց նա։
ՀՀ նախագահը կարծում է, որ ակտիվությունն օգտակար է, օգտակար են նաև հասարակական քննարկումները և վստահություն է հայտնում այն բանում, որ «մենք քննարկումների դեռ ավելի ակտիվ փուլ կմտնենք»։
Սարգսյանի խոսքերով, քննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի` հայ ժողովրդի շահը:
«Մենք ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը: Մենք լուծում ենք սրբազան հարց։ Մենք լուծում ենք կարևոր պատմական խնդիր, և եթե որևէ մեկը դրա լուծման ընթացքում փորձի այլ շահ փնտրել, ապա դա պարզապես անբարոյական կլինի»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-