Երևանում ռուսական գրքի ցուցահանդես-վաճառք է բացվել

24.10.2008, 19:50
Երևանում ռուսական գրքի ցուցահանդես-վաճառք է բացվել

Ուրբաթ Երևանի «Մոսկվայի տուն» մշակութային գործնական կենտրոնում բացվել է ռուսական գրքի «Ռուսական գիրք. Ռուսական հուշանվեր» խորագրով ցուցահանդես-վաճառք։

«Հայաստան գալուց առաջ մենք ցուցահանդեսներ ենք կազմակերպել մի շարք քաղաքներում, այս անգամ ընտրել ենք Երևանը, չէ՞ որ հայ ժողովրդի հետ մենք բարեկամական կապեր ունենք»,- բացման ժամանակ ասաց մշակութային միջազգային կապերի սատարման ու զարգացման «Ժառանգություն» հիմնադրամի նախագահ Վիկտորիա Շաշլովան։

Նրա խոսքերով, ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 100 գիրք, այդ թվում գեղարվեստական ու գիտական գրականություն, ինչպես նաև բազմազան դասագրքեր։

Շաշլովան ավելացրել է, որ ծրագրում է ծանոթանալ հայ հրատարակիչների հետ` համատեղ ծրագրեր մշակելու մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։  

Ռուսական հրատարակչությունների արտադրանքից բացի ցուցահանդեսին ներկայացված են նաև հայկական գրքեր՝ ռուսերեն թարգմանությամբ։ Դրանց թվում են հայոց լեզվի ինքնուսույցներ, պատմության, ժողովրդական հեքիաթների, 1915 թ.-ի հայերի ցեղասպանության մասին գրքեր, ինչպես նաև «Հայաստան, Արարատ» բացառիկ ալբոմը։  

Ցուցադրանմուշների թվում են նաև ռուս երեխաների նկարները «Իմ Մոսկվա՝ իմ ընտանիք» ընդհանուր խորագրով, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ հրապարակած «Նկարում են աշխարհի երեխաները» կատալոգում։

Մինչև հոկտեմբերի 26-ն ընթացող ցուցահանդեսի կազմակերպիչը Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի բաժինն է։ --0--