ԵԱՀԿ-ն նպատակ ունի բարձրացնել ՀՀ խորհրդարանի դերը երկրի քաղաքական կյանքում
ԵԱՀԿ-ն նպատակ ունի բարձրացնել ՀՀ խորհրդարանի դերը, կարգավիճակը և նշանակությունը երկրի քաղաքական կյանքում` ոչ միայն որպես իշխանության առանձին ճյուղի, այլև որպես ուժային կառույցների վերահսկիչ մարմնի, ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հոկտեմբերի 17-ին փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել Զինված ուժերում արդյունավետ հսկողությունը խթանելու նպատակով։
«Խորհրդարանը կգործի քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ սերտ փոխգործակցության պայմաններում, այդ թվում Օմբուդսմենի գրասենյակի և ոչ կառավարական կազմակերպությունների հետ»,- ասաց Կապինոսը ուրբաթ։
Հուշագրի համաձայն, կողմերը համագործակցելու են անվտանգության հատվածում ժողովրդավարական վերահսկողության իրականացման ոլորտում։ ԵԱՀԿ-ն դասընթացներ կանցկացնի անվտանգության ոլորտում վարվելակարգի կազմակերպման, հսկողության մեխանիզմի վերաբերյալ՝ խորհրդարանականներին օգնելով ԶՈՒ-ում դիտարկումներ անցկացնելու, բացթողումները սահմանելու և օրենսդրությունը բարեփոխելու գործում։ --0--