Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան տալ ղարաբաղյան հակամարտության լուծմանը. պատգամավոր

24.10.2008, 17:27
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարող է նոր խթան տալ ղարաբաղյան հակամարտության լուծմանը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը Մոսկվայում կարող է նոր ոգի հաղորդել ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանը։

«Եռակողմ հանդիպում անցկացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը դուրս չի գալիս ԵԱՀԿ ՄԽ շրջանակներից, քանի որ Ռուսաստանը խմբի համանախագահներից մեկն է։ Տարբեր ժամանակ նման հանդիպումներ անցկացվել են և ԱՄՆ-ում, և Ֆրանսիայում։ Այս առումով մոսկովյան հանդիպումը չի ժխտում ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ լրացնում է ձևաչափը և կարող է նոր ոգի հաղորդել գործընթացին»,- նշեց նա ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Նռանյանն ասաց, որ հարկ է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հասարակական կարծիքի նախապատրաստմանը, քանի որ նախագահները չեն կարողանա ստորագրել փաստաթուղթ, որը չեն ճանաչի երկրների հասարակությունները։

Խորհրդարանականը ուշադրություն հրավիրեց նրան, որ ներկայումս մամուլում ավելի հաճախակի են դարձել ԼՂՀ կողմից վերահսկվող տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին խոսակցություններն ու հրապարակումները։

«Դա անընդունելի է։ Եթե մենք թեկուզ մեկ սանտիմետր զիջենք, ապա ամեն ինչ կկորցնենք։ Պետք է հիշել Սերբիայի օրինակը, որը վերադարձրեց սերբերով բնակեցված բոլոր տարածքները, իսկ հետո էլ Կոսովոն՝ ոչնչի չհասնելով։ Եթե մենք դա անենք, ապա կկորցնենք Ղարաբաղը, և պետք չէ կարծել, որ զիջումների գնալով՝ մենք խաղաղության կհասնենք»,- ասաց Նռանյանը։  

Իր հերթին ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը նշեց, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում համանախագահ-երկրների շրջանում որոշակի մրցակցություն է նկատվում։ Ինչպես նա պարզաբանեց, որքան մոտենում է հակամարտության լուծման պահը, այնքան ավելի կարևոր է դառնում այն հարցը, թե համանախագահներից ով ավելի շատ կշահի դիմակայության լուծման դեպքում։

«Կլուծվի նաև այն հարցը, թե հետագայում ինչպես հարաբերություններ կառուցել երկրների հետ, որովհետև քանի դեռ ղարաբաղյան հարցը լուծված չէ, Հայաստանն ու Ադրբեջանն իրենց արտաքին քաղաքականության մեջ կախված են գերտերություններից, և հատկապես Ադրբեջանը»,- տեղեկացրեց Շահբազյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-